Փետրվար 06, 2015

ՆԱՏՕ-ն Արձագանքման զորքերի թիվը հասցրեց 30 հազարի

 

ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանության նախարարները նախօրեին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում համաձայնել են ամրապնդել Դաշինքի հավաքական պաշտպանությունը՝ որոշում ընդունելով ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերի զորքերի թիվը 13 հազարից դարձնել 30 հազար: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերով, այս որոշումը կերաշխավորի, որպեսզի Դաշինքն «ունենա ճիշտ ուժեր ճիշտ վայրում եւ ճիշտ ժամանակին»: «Մենք որոշեցինք, որ բարձր պատրաստվածություն ունեցող այս ուժերը բաղկացած կլինեն շուրջ 5 հազար ցամաքային զորքերից, որոնք աջակցություն կստանան օդային, ծովային եւ հատուկ ուժերից»,- ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարը: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերի զորքերի թիվը կհասնի 30 հազարի:

Դաշինքի անդամ – պետությունների պաշտպանության նախարարները համաձայնել են նաեւ հրամանատարության եւ կառավարման միավորումներ հիմնել Բուլղարիայում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում եւ Ռումինիայում: 

«Ճգնաժամի դեպքում այս միավորումները պետք է երաշխավորեն, որ ՆԱՏՕ-ի եւ տվյալ երկրի զինված ուժերը ի վիճակի են միասնական գործել: Դրանք կհեշտացնեն ուժերի արագ տեղակայումը, կօժանդակեն հավաքական պաշտպանության պլանավորմանը՝ օգնելով համակարգել վարժանքները»,- ասել է Յենս Ստոլտենբերգը: 

Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո Դաշինքին անդամակցող երկրների պաշտպանության նախարարներն աջակցություն են հայտնել Վրաստանին՝ վերջինիս զինված ուժերի արդիականացման հարցում: ՆԱՏՕ-ն փորձագետների թիմ կգործուղի Վրաստան, որոնք կօժանդակեն այդ երկրի իշխանություններին պաշտպանական բարեփոխումներ իրականացնելու գործում: Բացի այդ, Դաշինքը համատեղ ուսումնական կենտրոն կհիմնի Թբիլիսիում: