ՆԱՏՕ-ն մտադիր է ամրապնդել իր արձագանքման ուժերի կարողությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր հայտարարել է, որ այժմ «որոշիչ ժամանակաշրջան է Եվրոպայի եւ աշխարհի անվտանգության համար»:
«Այսօր մենք պետք է կայացնենք կարեւոր որոշումներ, որոնք վերաբերում են մեր հավաքական պաշտպանության ամրապնդմանն ու մեր գործընկերների հետ կայունության հաստատմանը», - ասել է գլխավոր քարտուղարը՝ այսօր Բրյուսելում մեկնարկող ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ:
Նա նկատել է, որ ՆԱՏՕ-ն արդեն ընդլայնել է իր ռազմական ներկայությունը Դաշինքի արեւելյան հատվածում:
«Այսօր մենք կձեռնարկենք հետագա քայլերը, որպեզի մեր ուժերն ավելի պատրաստ եւ արագ արձագանքող դառնան: Մենք կամրապնդենք մեր արձագանքման ուժերի կարողությունը: Որոշում կկայացնենք մեր վեց արեւելյան անդամ-երկրներում հրամանատարության եւ կառավարման միավորումներ ստեղծելու վերաբերյալ: Այս միավորումները թույլ կտան ավելի արագ եւ հեշտությամբ տեղակայել ՆԱՏՕ-ի ուժերը, որոնք կաջակցեն մեր հավաքական պաշտպանությանը եւ կօգնեն համակարգել բազմազգ վարժանքները»,- ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարը: