Սեպտեմբեր 13, 2012

Հայաստանում բողոքի ակցիաներն ուղղված չէին ՆԱՏՕ-ի դեմ, կարծում է Ռասմուսենը

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում չի տեսել բողոքի ցույցեր՝ ուղղված ՆԱՏՕ-ի դեմ:

Euronews-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե Երեւանում տեսե՞լ է արդյոք բողոքի ցույցեր ընդդեմ ՆԱՏՕ-ի եւ չի՞ զգում որոշակի պատասխանատվություն Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթաներին հայ սպայի սպանության համար, Ռասմուսենն ասել է.

«Սա շատ ողբերգական դեպք է: Սակայն թույլ տվեք նշել, որ ես ընդդեմ ՆԱՏՕ-ի ոչ մի ցույց չեմ տեսել Երեւանում: Ես տեսել եմ երիտասարդ ցուցարարների, ովքեր համաձայն չէին Ադրբեջանի որոշման հետ` ներում շնորհել Սաֆարովին: Սա սարսափելի հանցագործություն է, որը չպետք է հերոսացվի: Ես խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանի ներման որոշումը կվնասի վստահությանը եւ չի նպաստի կայունության, համագործակցության եւ հաշտեցման հաստատմանը տարածաշրջանում»: