«Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում

«Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում 

Դեկտեմբեր 03, 2014

Հայաստանը վերահաստատել է իր մասնակցությունն Աֆղանստանում մեկնարկող «Վճռական աջակցություն» առաքելությանը

 

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա է գտնվել և ելույթ ունեցել Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նվիրված էր առաքելության մեկնարկին։

Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլան, ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը շնորհավորել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլային՝ ընտրական գործընթացի ավարտի, պաշտոնների ստանձնման, ազգային համաձայնության կառավարության ձևավորման կապակցությամբ, և վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:

«Ուելսի գագաթաժողովում մենք ամփոփեցինք Աֆղանստանի անվտանգության աջակցության ուժերի շրջանակներում իրականացված աշխատանքները, որոնց իր ներդրումն է բերել նաև Հայաստանը։ Մի քանի շաբաթից Աֆղանստանի անվտանգության աջակցության ուժերի գործողությունը կավարտվի, և կսկսվի մեր ներգրավվածությունը «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում։

Հայաստանը կիսում է Աֆղանստանը այնպես փոխակերպելու ընդհանուր տեսլականը, որ այն չհանդիսանա մշտական մտահոգության առարկա՝ իր հարևանների և այլ երկրների համար, այլ դառնա դրական շարժիչ ուժ՝ ողջ տարածաշրջանի համար։

Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակելու աշխատանքներն այդ ուղղությամբ», - ասել է նախարար Նալբանդյանը։