Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյու

Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյու 

Սեպտեմբեր 17, 2014

Ուելսից հետո ՆԱՏՕ-ն մտադիր է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ

 

ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է առավել խորացնել եւ ամրապնդել հարաբերությունը գործընկեր երկրների, այդ թվում` Հայաստանի հետ:


Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն ասել է, որ Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններն ամրապնդվելու են: 


Դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ գործընկեր երկրների հետ հարաբերությունները զարգացնելու նպատակով Ուելսի գագաթնաժողովի շրջանակներում տրվեց «Փոխգործակցության հարթակ» նախաձեռնության մեկնարկը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ կապեր պահպանող 24  գործընկեր երկրներ, այդ թվում` Հայաստանը: 


«Սեպտեմբերի 29-ին կայանալու է այս հարթակին մասնակցող երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Հանդիպման ընթացքում մենք կքննարկեն հարթակի կառուցվածքն ու նպատակները, ինչը կօգնի բարձրացնել մեր գործընկերների հետ համագործակցության արդյունավետությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: 


Ուիլիամ Լահյուի խոսքերով, Հայաստանն ընդգրկվել է նաեւ ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող պաշտպանության ոլորտում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման եւ կարողությունների զարգացման ծրագրում: Այժմ քննարկվում են այդ ծրագրին Հայաստանի առավել արդյունավետ մասնակցության տարբերակները: