Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը 

Սեպտեմբեր 10, 2014

ՀՀ նախագահի մասնակցությունը Ուելսի գագաթնաժողովին «շատ արդյունավետ քայլ էր», ասել են ՆԱՏՕ-ում

 

ՆԱՏՕ-ում գոհունակություն են հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուելսի գագաթնաժողովին մասնակցելու փաստի առիթով:

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ՝ Ուելսում կայացած գագաթնաժողովին՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն ասել է.

«ՆԱՏՕ-ն եւ անձնապես ես, շատ գոհ ենք, որ նախագահ Սարգսյանը կարողացավ մասնակցել անցյալ շաբաթ Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Վերջին տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը ամուր գործնական համագործակցություն են զարգացրել: Հայաստանը ուժեր է տրամադրել Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելությունների համար: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու նաեւ Աֆղանստանում անցկացվելիք ոչ ռազմական առաքելությանը, որը կմեկնարկի գալիք տարի: Այս տարի Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համաձայնեցրին նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը 2015-2016 թթ.-ի համար»:

Ջեյմս Ապատուրայի խոսքերով, այս գործնական համագործակցությանը լրացվում է Երեւանի եւ Դաշինքի միջեւ առկա ամուր քաղաքական երկխոսությամբ: 

«Հենց այդ նպատակով էլ մենք հրավիրեցինք նախագահ Սարգսյանին Աֆղանստանի հարցով մեր հանդիպմանը, իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ մասնակցելու նոր Փոխգործակցության հարթակի վերաբերյալ հանդիպմանը: Ես կարծում եմ, որ նրանց ներկայությունը Ուելսում, Եվրոատլանտյան անվտանգության համար այս շրջադարձային պահին, շատ արդյունավետ քայլ էր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցերի շուրջ Հայաստանի ձայնը լսելի դարձնելու առումով»,- Մեդիամաքս-ին ասել է Ջեյմս Ապատուրայը: 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ՀՀ նախագահը մասնակցել էր ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես էր եկել ելույթով: