Հայաստանի նախագահը մեկնում է Մեծ Բրիտանիա մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

 
Սեպտեմբեր 03, 2014
 
ՀՀ նախագահը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, 2012 թ.:

ՀՀ նախագահը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, 2012 թ.: 

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, հանրապետության նախագահը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Այնտեղ Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:

ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձեւաչափով վերջին այս hանդիպմանը կամփոփվեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները եւ կնախանշվեն նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:

Հայաստանը, 2010 թվականից ի վեր լինելով միջազգային այդ առաքելության մասնակից եւ միջազգային ուժերի կազմում տեղակայելով մինչեւ 126 հոգանոց զորախումբ, իր ներդրումն է ունեցել Աֆղանստանում անվտանգության ու ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին եւ հանձնառու է շարունակելու մասնակցությունը նոր առաքելության շրջանակներում:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից եւ ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների:

2012 թ-ին Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանը մասնակցել էր արտաքին գործերի նախարարի մակարդակով: Այդ ժամանակ Հայաստանի նախագահը որոշել էր չմասնակցել գագաթնաժողովին ՝ համաժողովի հռչակագրի նախագծում ներառված մտահոգիչ ձեւակերպումների պատճառով։ Հռչակագրի նախագծում, մասնավորապես, ներառված էր Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում, որը հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին։

 


 վերադառնալ