ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը 

Սեպտեմբեր 02, 2014

Ուելսի գագաթնաժողովը որոշիչ է լինելու, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

 

“Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու փոփոխվող աշխարհում: Այն խնդիր ունի լուծելու փոփոխվող աշխարհի մարտահրավերները: Եւ ես ակնկալում եմ, որ այն լինելու է ՆԱՏՕ-ի պատմության մեջ մինչեւ այժմ կայացած ամենաորոշիչ գագաթնաժողովը”,- հայտարարել է Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Դաշինքի ղեկավարի խոսքերով, ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրը եղել եւ մնում է իր բնակչության եւ տարածքների պաշտպանությունը: «Մենք պետք է կարողանանք նաեւ կառավարել ճգնաժամերը եւ աշխատել գործընկերների հետ ՝ կայունություն կառուցելու համար: Այդ պատճառով, մենք գագաթնաժողովի ժամանակ պետք է համոզվենք, որ Դաշինքը պատրաստ է, ունակ է պատշպանելու իր բոլոր դաշնակիցներին ցանկացած հարձակման դեպքում: Մենք կհամաձայնեցնենք Պատրաստվածության գործողության ծրագիր (Readiness Action Plan), որը համարժեք պատասխան կտա Ռուսաստանի ագրեսիվ վարքագծին եւ միեւնույն ժամանակ կպատասխանի անվտանգության բոլոր մարտահրավերներին, որտեղ էլ դրանք ծագեն»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքերով, Պատրաստվածության գործողության ծրագիրը պետք է երաշխավորի, որ Դաշինքն ունի համապատասխան ուժեր եւ միջոցներ իրավիճակին ճիշտ ժամանակին արձագանքելու համար:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ շեշտել է, որ ՆԱՏՕ-ն առավել տեսանելի է դարձնելու իր ներկայությունը Արեւելքում այնքան ժամանակ, որքան կզգացվի դրա կարիքը:

«ՆԱՏՕ-ն կդառնա ավելի արագ եւ ճկուն անվտանգության բոլոր մարտահրավերներին արձագանքելու տեսանկյունից: Եւ սա ոչ այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է հարձակվել որեւէ մեկի վրա, այլ որովհետեւ վտանգներն ու սպառնալիքներն առավել տեսանելի են»,- նշել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Նա հավելել է, որ Ուելսում ակնկալում է տեսնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատրաստակամությունը՝ ավելացնելու պաշտպանության ոլորտի ներդրումները:    

Անդերս Ֆոգ Ռասմուսենը հավելել է, որ գագաթնաժողովի շրջանակներում կհստակեցվի, թե Դաշինքն ինչպես պետք է աջակցի Ուկրաինային: «Մենք կքննարկենք Ուկրաինայում բարեփոխումների առաջնահերթությունները եւ գործնական քայլեր կիրականացնենք օգնելու վերջինիս»,- ասել է նա:

Նախատեսվում է, որ Ուելսում ՆԱՏՕ-ի անդամ երկրները կքննարկեն նաեւ Դաշինքի գործընկեր-երկրների հետ հետագա համագործակցության հետ կապված հարցերը: