ՆԱՏՕ-ի հետ երկխոսության շարունակությունը բխում է ՀՀ շահերից, ասել է ՀՀԿ անդամը

ՆԱՏՕ-ի հետ երկխոսության շարունակությունը բխում է ՀՀ շահերից, ասել է ՀՀԿ անդամը 

Հունիս 09, 2014

ՆԱՏՕ-ի հետ երկխոսության շարունակությունը բխում է ՀՀ շահերից, ասել է ՀՀԿ անդամը

 

 ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանն այսօր ասել է, որ «ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությունը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից»:

«ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների սրման պարագայում որոշակի խնդիրներ կարող են առաջանալ նաեւ Դաշինքի եւ նրա գործընկեր երկրների հարաբերություններում: Սակայն այսօր Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մակարդակը բավական բարձր է:  Իհարկե, մենք վերլուծում ենք, թե ինչպիսին կլինեն ՆԱՏՕ-ի հարաբերությունները գործընկեր երկրների հետ հնարավոր նոր բացասական զարգացումների պարագայում: Սակայն այս պահին, ես լուրջ մտահոգություններ չունեմ»,- այսօր ասել է Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին:

Կորյուն Նահապետյանն ասել է, որ աշնանը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կընդունվի է առանձին բանաձեւ Դաշինքի եւ գործընկեր երկրների փոխհարաբերությունների վերաբերյալ:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի խոսքերով, ՆԱՏՕ-ն կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները եւ պատրաստ է դրանք  խորացնել այնքանով, որքանով դրան պատրաստ է Հայաստանը:

«28+1 ձեւաչափը, որը ՆԱՏՕ-ն այսօր կիրառում է գործընկերների հետ աշխատելու համար, շատ հարմար դաշտ է, որտեղ փորձ չի արվում փոխկապակցել ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրի հարաբերությունները Դաշինքի  եւ երրորդ երկրի միջեւ հարաբերություններով: Մեր առջեւ կարեւոր խնդիր է դրված` առաջնորդվել մեր երկրի շահերով»,- ասել է պատգամավորը: