ՆԱՏՕ-ում սատարում են Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացման ձգտումները

ՆԱՏՕ-ում սատարում են Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացման ձգտումները 

Ապրիլ 02, 2014

ՆԱՏՕ-ում սատարում են Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացման ձգտումները

 

ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր հանդիպել են Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի շրջանակներում` մտքեր փոխանակելու Վրաստանի բարեփոխումների իրականացման եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ:    

«Որպես Դաշինքին միանալ ցանկացող երկիր`Վրաստանը ՆԱՏՕ-ի համար առանձնահատուկ գործընկեր է: Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր քաղաքական երկխոսությունը եւ գործնական համագործակցությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Ռուսաստանի` Ուկրաինա ռազմական ներխուժման հետեւանքները :

«Ներկայումս առավել քան երբեւէ կարեւոր է ընդգծել, որ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խախտումն անընդունելի է: Այդ ազգերն իրավունք ունեն կայացնելու իրենց սեփական որոշումները, եւ այդ որոշումները պետք է հարգվեն բոլորի կողմից»,- ասել է Դաշինքի ղեկավարը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները շեշտել են, որ աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը` այդ երկրի` միջազգայնորեն ճանաչված սահմաններում, եւ հավելել, որ սատարում են Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացման ձգտումները:     

«Դուք ՆԱՏՕ-ին  չանդամակցող այն երկրներից եք, որն ամենամեծ զորախումբն է առաքել   Աֆղանստան: Դուք նշանակալի առաջընթաց եք արձանագրել ժողովրդավարական եւ պաշտպանական բարեփոխումներում: Անհրաժեշտ է շարունակել կառուցողական համագործակցության  իշխանության եւ ընդդիմության միջեւ` հավելյալ առաջընթացին հասնելու համար: Անցած տարի կայացած նախագահական ընտրություններից հետո, հունիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կլինեն հաջորդ կարեւոր անկյունաքարը Վրաստանի հասունացող ժողովրդավարության համար: Վրաստանը կարող է մոդել դառնալ տարածաշրջանի համար»,- ասված է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հայտարարության մեջ: