Հայաստանը չի նախատեսում ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ասել է ԱԳՆ խոսնակը

Հայաստանը չի նախատեսում ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ասել է ԱԳՆ խոսնակը 

Ապրիլ 02, 2014

Հայաստանը չի նախատեսում ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ասել է ԱԳՆ խոսնակը

 

Հայաստանը մտադիր չէ ընդլայնել համագործակցության ձեւաչափերը ՆԱՏՕ-ի հետ:

Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հրապարակումները Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրերի մասին:

«Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի ձեւաչափեր: Ընդլայնել կամ փոխել դրանք մենք չենք պատրաստվում»,- ասել է Տիգրան Բալայանը: 

Ռուսաստանի կողմից Ղրիմը գրավելուց հետո ՆԱՏՕ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրեր է մշակում` այդ մասին նախօրեին գրել էր The Guardian-ը` հղում անելով գերմանական Spiegel ամսագրին, որը ձեռք է բերել յոթ էջանոց գաղտնի փաստաթուղթ, որը նախապատրաստվել է այսօր Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման համար:

Փաստաթղթի համաձայն, ՆԱՏՕ-ն մտադիր է ռազմական ուսուցում անցկացնել Հայաստանի համար, իսկ Ադրբեջանում իրականացնել նավթային եւ գազային հանքավայրերի անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրեր:

Փաստաթղթում նաեւ առաջարկ կա Հայաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, որոնց նպատակն է այդ երկրների զինված ուժերի եւ Դաշինքի հետ փոխհամատեղելիության եւ «խելացի պաշտպանություն» (smart defence) գործողություններում նրանց մասնակցության ապահովումը: