ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը 

Ապրիլ 02, 2014

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը

 

Մենք, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, դատապարտում ենք Ռուսաստանի ապօրինի ռազմական ներխուժումն Ուկրաինա եւ այդ երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խախտումը: Մենք չենք ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի եւ անօրինական բռնակցումը: Մենք կոչ ենք անում ռուսական կողմին անհապաղ քայլեր ձեռնարկել, ինչպես ներկայացված է ՆԱՏՕ-Ուկրաինաի հանձնաժողովի հայտարարության մեջ, վերադառնալ իր միջազգային պարտավորություններին, եւ անհապաղ ներգրավվել երկխոսության մեջ  քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով այնպիսի լուծում գտնելու համար, որով կհարգվի միջազգային իրավունքը եւ Ուկրաինայի` միջազգայնորեն ճանաչված սահմանները:  Մենք սատարում ենք ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումն Ուկրաինայում:

    Մեր նպատակը` ունենալու ամբողջական, ազատ եւ խաղաղ Եվրոատլանտյան տարածաշրջան, չի փոխվել, բայց դրան սկզբունքորեն մարտահրավեր է նետվել Ռուսաստանի կողմից: Մենք սատարում ենք բոլոր պետությունների ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը` իրենց` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Անկախ, ինքնիշխան, եւ կայուն Ուկրաինան, որը հանձնառու է ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքների հարգմանը, օրենքի գերակայությանը, առանցքային կարեւորություն ունի Եվրո-Ատլանտյան անվտանգության համար:

    Որպեսզի ցույց տանք մեր հավատարմությունը Ուկրաինային, մենք կակտիվացնենք մեր համագործակցությունը Հատուկ Գործընկերության շրջանակներում: Այսօր ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան, ինչպես նշված է ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի հայտարարության մեջ, համաձայնել են ձեռնարկել անհապաղ եւ երկարաժամկետ միջոցառումներ` ամրապնդելու Ուկրաինայի` իր սեփական անվտանգությունն ապահովելու կարողությունը:

    Մենք նաեւ համաձայնել ենք գործողությունների փաթեթի շուրջ, որի նպատակն է խորացնել համագործակցությունը  Արեւելյան Եվրոպայի մեր  գործընկերների հետ` խորհրդակցելով նրանց հետ եւ հիմնվելով մեր երկկողմ ծրագրերի վրա:    

    Անցած քսան տարիների ընթացքում, ՆԱՏՕ-ն հետեւողականորեն աշխատել է Ռուսաստանի հետ սերտ համագործակցության եւ վստահության կառուցման ուղղությամբ: Այնուամենայնիվ, Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը եւ գործել է ի հակադրություն Եվրո-Ատլանտյան Գործընկերության Խորհրդի Հիմնարար փաստաթղթին, Հռոմի հռչակագրին: Դա լրջորեն վնասել է մեր վստահությունը, որի վրա պետք է հիմնվի մեր համագործակցությունը:

    Մենք որոշել ենք կասեցնել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքացիական եւ ռազմական համագործակցության բոլոր գործնական ծրագրերը: Մեր քաղաքական երկխոսությունը ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի շրջանակներում կարող է շարունակվել, ինչպես հարկն է` թույլ տալով մեզ դեսպանների եւ ավելի բարձր մակարդակով մտքեր փոխանակել նախեւառաջ ստեղծված ճգնաժամի շուրջ: Մենք կվերանայենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հունիսին կայանալիք մեր հաջորդ հանդիպմանը:

     Ինչպես հայտարարվել է մեր երկրների ղեկավարների կողմից 2012 թ.-ի Չիկագոյի գագաթնաժողովում, ՆԱՏՕ-ն հիմնվում է համերաշխության, ՆԱՏՕ-ի միասնականության վրա: Ներկա իրավիճակում, Դաշինքն արդեն քայլեր ձեռնարկել է` ցույց տալու իր համերաշխությունն ու ամրապնդելու Դաշինքի անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին արագ արձագանքելու կարողությունը: Մենք կշարունակենք տեսանելի վստահությամբ ապահովել ՆԱՏՕ-ի միասնականությունը եւ հանձնառությունը` Դաշինքի նկատմամբ ցանկացած ագրեսիա եւ մարտահրավեր հավաքական պաշտպանությամբ զսպելու հարցում: