Երեւանում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը

Երեւանում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը 

Մարտ 27, 2014

Երեւանում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը

 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր Երեւանում ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության ենթահանձնաժողովի պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ խորհրդարանի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը եւ մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչներից է:

Հովիկ Աբրահամյանի խոսքերով, Հայաստանը մտադիր է պահպանել եւ զարգացնել համագործակցության ներկա տեմպերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը:

Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների խորհրդարանական ձեւաչափի մասին` Հովիկ Աբրահամյանը կարեւորել է վեհաժողովի հետ համագործակցությունը եւ նրա աշխատանքներին ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցությունը: Նրա խոսքով` Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ծրագրերին նպաստում է Հայաստանի ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը: