ՆԱՏՕ-ն չի բացառում իր ռազմավարության վերանայումը Ղրիմի դեպքերից հետո

ՆԱՏՕ-ն չի բացառում իր ռազմավարության վերանայումը Ղրիմի դեպքերից հետո 

Մարտ 25, 2014

ՆԱՏՕ-ն չի բացառում իր ռազմավարության վերանայումը Ղրիմի դեպքերից հետո

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն չի բացառել, որ Ուկրաինայում եւ Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից հետո Դաշինքը ստիպված կլինի վերանայել իր ռազմավարությունը:

 «Մենք, իհարկե, ստիպված կլինենք գնահատել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքները, եւ, հնարավոր է, վերանայենք մեր ողջ ռազմավարությունը: Մենք շարունակում ենք այն կարծիքին մնալ, որ ոչ միայն մեր, այլեւ Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերները Եվրոպայի սահմաններից դուրս են:

Բայց եթե Ռուսաստանը կասկածի տակ դնի Հելսինկյան եզրափակիչ ակտում տեղ գտած եվրոպական անվտանգության համակարգի առանցքային սկզբունքները, խախտի իր իսկ կնքած երկկողմ համաձայնագրերը, ինչպես դա արեց Ուկրաինայի պարագայում, ապա դա լուրջ քննարկումներ կծավալի այն հարցի շուրջ, թե ինչ է դա նշանակում ՆԱՏՕ-ի առաջնահերթությունների համար: Հավաքական անվտանգությունը միշտ եղել է դաշինքի գլխավոր խնդիրը: Այն կարող է դառնալ առավել առաջնահերթ, քան որոշ առաքելություններ, որոնցով դաշինքը զբաղվել է սառը պատերազմի ավարտից հետո»,- ասել է Ալեքսանդր Վերշբոուն «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում:    

«ՆԱՏՕ-ի անդամներից եւ ոչ մեկը չի պլանավորում անմիջական ռազմական պատասխան տալ: Մենք աջակցում ենք այլ երկրների մասնակցությամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական երկխոսություն հաստատելու միջազգային ջանքերին: Բայց Ռուսաստանն ինքն է ավելացնում լարվածության աստիճանը` ինչպես Ուկրաինայի տարածքում ծավալած գործողություններով, այնպես էլ իր տարածքի եվրոպական հատվածում զենք ճոճելով: Մենք հույս ունենք, որ այն ի վերջո կգնա լարվածության թուլացման, եւ մեզ կհաջողվի նվազագույնի հասցնել այս չափազանց լուրջ ճգնաժամի հասցրած վնասը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: