Ղրիմի «հանրաքվեն» խաթարում է խաղաղ լուծում գտնելու միջազգային ջանքերը, ասել է Ռասմուսենը

Ղրիմի «հանրաքվեն» խաթարում է խաղաղ լուծում գտնելու միջազգային ջանքերը, ասել է Ռասմուսենը 

Մարտ 17, 2014

Ղրիմի «հանրաքվեն» խաթարում է խաղաղ լուծում գտնելու միջազգային ջանքերը, ասել է Ռասմուսենը

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Դեշիցայի հետ քննարկել է Ուկրաինայում վերջին զարգացումները, այդ թվում նախօրեին Ղրիմում անցկացված հանրաքվեն, ինչպես նաեւ ՆԱՏՕ-Ուկրաինա գործընկերության աշխուժացման հետ կապված Դաշինքի ծրագրերը:

Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ կիրակի օրն անցկացված «հանրաքվեն» խաթարում է Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված միջազգային ջանքերը եւ խախտում է Ուկրաինայի սահմանադրությունն ու միջազգային իրավունքը:

Գլխավոր քարտուղարը հաստատել է Դաշինքի հստակ հանձնառությունը սատարել Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտությանը:     Կողմերը քննարկել են նաեւ ՆԱՏՕ-ի մտադրությունը խորացնել համագործակցությունը Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի միջոցով:

Սա ենթադրում է կապերի ընդլայնում Ուկրաինայի քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ, ավելի շատ համատեղ վարժանքների անցկացում եւ ուկրաինական զինված ուժերի կարողությունների ամրապնդում: Գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն կանի ավելին  ընդգրկելու Ուկրաինային իր բազմազգ նախագծերում: