Գործընկերության նոր փաթեթի համաձայնեցման նպատակով ՀՀ-ում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

Գործընկերության նոր փաթեթի համաձայնեցման նպատակով ՀՀ-ում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը 

Մարտ 13, 2014

Գործընկերության նոր փաթեթի համաձայնեցման նպատակով ՀՀ-ում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

 

 ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) Պլանավորման եւ վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթի համաձայնեցման նպատակով եռօրյա այցով Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` Հյուսիսատլանտյան Դաշինքի միջազգային քարտուղարության զորքերի պլանավորման դիրեկտորատի պետ Ֆրանկ Բոլանդի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՆԱՏՕ-ի պատվիրակությանն այսօր ընդունել է  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջիկա 3 օրերին կայանալիք քննարկումները հնարավորություն կընձեռեն վերստուգել պաշտպանական բարեփոխումների իրականացման եւ դրանց սատարելու հարցում ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի կառույցների փոխադարձ հանձնառությունները, ինչպես նաեւ նախանշել համատեղ միջազգային խաղաղապահության շարունակման եւ դրա համատեքստում` փոխգործունակ կարողությունների ձեւավորման ուղղությամբ կողմերի համագործակցության հեռանկարները:

ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Բոլանդը, կարեւորելով ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ ու ՊՎԳ շրջանակներում իրականացվող համագործակցությունը, նշել է, որ փոխադարձ հանձնառությունների կատարումը նպաստում է ՀՀ-ՆԱՏՕ փոխվստահության ամրապնդմանն ու ՀՀ պաշտպանության ոլորտի առանձին բաղադրիչների եւ Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը:

ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ եռօրյա քննարկումներին մասնակցելու են ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ Գլխավոր Շտաբի ստորաբաժանումների, ինչպես նաեւ ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: