Հյուսիս-Ատլանտյան խորհուրդը դատապարտել է Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացումը Ղրիմում

Հյուսիս-Ատլանտյան խորհուրդը դատապարտել է Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացումը Ղրիմում 

Մարտ 03, 2014

Հյուսիս-Ատլանտյան խորհուրդը դատապարտել է Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացումը Ղրիմում

 

 

Հյուսիս Ատլանտյան խորհուրդը դատապարտել է Ղրիմում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացումը եւ խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի գործողություններ թույլատրելու ՌԴ Պետական Դումայի որոշման կապակցությամբ: 

«Ռուսաստանի կողմից ռազմական ուժի կիրառումը Ուկրաինայի նկատմամբ միջազգային իրավունքի խախտում է եւ հակասում է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի եւ Գործընկերության հանուն խաղաղության ծրագրի սկզբունքներին: Ռուսաստանը պետք է հարգի ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները եւ ԵԱՀԿ սկզբունքները, որոնց վրա հիմնված է խաղաղությունը եւ կայունությունը Եվրոպայում: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին թուլացնել լարվածությունը»,- ասված է Հյուսիս-Ատլանտյան խորհրդի հայտարարության մեջ: 

Խորհուրդը կոչ է արել Ռուսաստանին հարգել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում 1994թ. կնքված Բուդապեշտի Հուշագրի, 1997 թ-ին ստորագրված Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Բարեկամության եւ Համագործակցության համաձայնագրի, Սեւ ծովում Ռուսաստանի ռազմական նավատորմի ներկայությունը կարգավորող իրավական դրույթները, դուրս բերել ուժերը ռազմակայաններից եւ զերծ մնալ Ուկրաինայի տարածքում ցանկացած այլ բնույթի միջամտությունից: 

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ շտապ խաղաղ լուծում գտնել երկխոսության եւ, անհրաժեշտության դեպքում միջազգային աջակցության շրջանակներում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ  Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանու ներքո միջազգային դիտորդներ առաքելով:

Ուկրաինան ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերն է եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի հիմնադիր անդամներից մեկը: ՆԱՏՕ-ի շրջանակներում հանդես եկող դաշնակից-երկրները շարունակելու են սատարել ՈՒկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ Ուկրաինայի ժողովրդի` առանց արտաքին միջամտության սեփական ապագան  որոշելու իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ: 

Հյուսիս-Ատլանտյան խորհուրդը հատուկ ընդգծել է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների  հարգման, օրենքի գերակայության հիման վրա համապարփակ քաղաքական գործընթացի կարեւորությունը: