Դեկտեմբեր 19, 2013

ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացման համար ԱՄՆ-ը կտրամադրի $1.5 մլն

 

Հայաստանը դարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող (GPOI - Global Peace Operations Initiative) ծրագրի գործընկեր պետություն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս նախաձեռնության շրջանակներում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգներն պատրաստվում են 2 տարվա ընթացքում տրամադրել Հայաստանին  $1.5 մլն աջակցություն:

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններից հետո ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ էվելին Ֆարկասն ասել է, որ նախաձեռնությունը միտված է ամրապնդել ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի կարողությունները:

«Այս նոր գործընկերությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի սերտ համագործակցության լուրջ ազդակ է, որով կարեւորվում է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցել միջազգային խաղաղապահ գործողություններին Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում եւ Իրաքում: Հայաստանը ԱՄՆ-ի համար կարեւոր գործընկեր է մի քանի ուղղություններում` որպես գործընկեր Կովկասում, որպես  ՆԱՏՕ-ի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, Կանզասի Ազգային գվարդիայի գործընկեր եւ որպես գործընկեր Կոսովոյում եւ Աֆղանստանում»,- ասել է  էվելին Ֆարկասը:

Նրա խոսքերով, ՀՀ Զինված ուժերի արհեստավարժ եւ արդյունավետ օգնությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին շատ ավելին էր, քան կարելի էր ակնկալել այդ առաքելություններում ներգրավված տվյալ չափի ստորաբաժանումներից:

«Կոալիցիոն եւ խաղաղապահ գործողություններում  Հայաստանի ցուցաբերած օգնությունն արժանի է հատուկ գնահատականի, քանի որ ձեր Զինված ուժերն անվտանգություն են արտահանում այլ` ավելի խնդրահարույց տարածաշրջաններ»,- ասել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը:

Նա հավելել է, որ սրանով  նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի`  հետագայում այլ խաղաղապահ առաքելություններում ներգրավելու համար:
Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ասել է, որ GPOI  ծրագրի աջակցությունը հնարավորություն է տալիս ստեղծել զորավարժանքների անցկանցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հրավիրել ռազմական փորձագետներ եւ ընդլայնել ՀՀ ներգրավվածությունը խաղաղապահ գործողություններում:
 
«Մեր խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ GPOI ծրագրի շրջանակներում մեկնարկել է Հայաստանում խաղաղապահ ուսումնավարժական հնարավորությունների զարգացման ծրագիր, որը կաջակցի հայ խաղաղապահների մասնակցությանը միջազգային գործողություններին, մասնավորապես,  Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
 
ՀՀ պաշտպանության փոխնախարարի խոսքերով, հաշվի առնելով  ԱՄՆ-ի դերը ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության գործում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, Հայաստանը ԱՄՆ-ի հետ երկկողմ պատշպանական համագործակցությունը գնահատում է որպես իր անվտանգության ապահովման կարեւոր գործիքներից մեկը: