Դեկտեմբեր 16, 2013

Մեկնարկել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ գործընթացը

 

Դեկտեմբերի 13-ին կայացել է ՀՀ նախագահի կարգադրությամբ ձեւավորված ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչեւ 2015թ. վերջ եւ նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության եւ անվտանգային դինամիկ համակարգի մինչեւ 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը:

Ռազմավարական վերանայման առանձին փուլերը ներառելու են Հայաստանի առջեւ ծառացած ներկա ու ապագա ռազմական սպառնալիքների բացահայտումն ու գնահատումը, իրավիճակի զարգացման սցենարների մշակումն ու խաղարկումը, զինված ուժերի խնդիրների հստակեցումը, անհրաժեշտ ռազմական կարողությունների պլանավորումը եւ այս ամենով հանդերձ` ռազմական ագրեսիան անդրադարձնելուն ունակ դինամիկ զորային կառույցի ձեւավորումը:

Վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված են ՀՀ անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ բոլոր պետական կառավարման մարմինները` փոխնախարարների մակարդակով, իսկ հանձնաժողովը համանախագահում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Շնորհավորելով ներկաներին ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման մեկնարկի կապակցությամբ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է ներգրավված բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների եռանդագին ներդրումը ՀՀ անվտանգության համար այս կենսական նշանակության համապետական ձեռնարկում: Պաշտպանության նախարարը նաեւ ընդգծել է ռազմավարական վերանայման առանձին փուլերին ՀՀ գիտակրթական շրջանակների ակտիվ ներգրավման, ինչպես նաեւ դաշնակից ու գործընկեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին տվել է հստակ ցուցումներ ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ: