Դեկտեմբեր 06, 2013

Հայաստանի հետ ձեւավորել ենք հավասար գործընկերային հարաբերություններ, ասել է ԱՄՆ դեսպանը

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հայտարարել է, որ մի շարք ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները վաղուց արդեն դոնոր եւ օգնություն ստացող կողմերի հարաբերություններից վերածվել են հավասար գործընկերային հարաբերությունների:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ԱՄՆ դեսպանն ասել է Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ:

Դեսպանը մասնավորապես ընդգծել է միջազգային կայունության եւ անվտանգության գործողություններում հայ խաղաղապահների ներդրումը Կոսովոյում, Աֆղանստանում եւ տարիներ առաջ Իրաքում, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների արձագանքման եւ առեւտրատնտեսական շրջանակներում:

ՀՀ զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 2-ից  8-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի եւ Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության մակարդակը: ՀՀ զինված ուժերը  եւ ԱՄՆ Կանզասի նահանգի ազգային գվարդիան շուրջ տասը տարի լայնորեն համագործակցում են ականազերծման, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձեւավորման, ռազմական բժշկության, ռազմական արդարադատության եւ այլ ոլորտներում:

Այցի ընթացքում կայացան Կանզասի պատվիրակության այցերը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական» կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպություն եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ: Դեկտեմբերի 7-ին պատվիրակությունը Գյումրիում եւ Սպիտակում կմասնակցի Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներին: