Նոյեմբեր 22, 2013

ԱՄՆ. Հայաստանը «գերազանց առաջընթաց» է արձանագրել խաղաղապահ բրիգադի զարգացման գործում

 

Ամերիկյան կողմը գտնում է, որ Հայաստանը «գերազանց առաջընթաց» է արձանագրել խաղաղպահ բրիգադի զարգացման ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ` Հայաստանում անցկացված «ՆԱՏՕ-ի շաբաթվա» կապակցությամբ:

«Հայաստանը ձգտում է ավելի մեծ ներկայություն ունենալ միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերում: Հայաստանն ակտիվորեն ձգտում է ավելացնել  խաղաղապահ իր առաքելությունները թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի ուժերի կազմում եւ բանակցություններ են ընթանում Լիբանանում ու Մալիում գտնվող առաքելություններին աջակցելու վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու խաղաղարար գործողությունների եւ պատրաստ ենք աջակցել այդ հարցում:
 
ԱՄՆ կառավարությունը մեծապես օժանդակել է Հայաստանի խաղաղապահ բրիգադի կայացման աշխատանքներին եւ շարունակում է այդ օժանդակությունը խորացնելու ուղիներ փնտրել: Հայ եւ ամերիկացի զինծառայողները կողք կողքի աշխատում են Կոսովոյում՝ իրենց ներդրումը բերելով խաղաղության եւ կայունության հաստատման միջազգային ջանքերին:

Հայաստանը շարունակում է զարգացնել իր խաղաղապահ բրիգադի կարողությունները՝ որպես մի ստորաբաժանում, որը պատրաստ է փոխգործակցության ու ունի անհրաժեշտ պատրաստվածություն մասնակցելու տարբեր խաղաղարար առաքելությունների: Խաղաղապահ բրիգադի պատրաստվածության ու կարողությունների զարգացման աշխատանքները Հայաստանում արագ թափով առաջ են ընթանում եւ ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին այդ գերազանց առաջընթացի համար», - ասված հաղորդագրության մեջ: