Հոկտեմբեր 18, 2013

Ջեյմս Ապատուրայը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը արդյունավետ կլինի

 

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ - ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր Երեւանում հայտարարել է, որ «Երեւանում եւ Բաքվում բոլոր հանդիպումներում մենք հստակ հայտարարում ենք, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի, եւ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների եւ փոխզիջումների միջոցով»:

Ջեյմս Ապատուրայն այդ մասին ասել է այսօր Երեւանի ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում` պատասխանելով Ադրբեջանի ագրեսիվ հակահայկական հռետորությանը Հյուսիսատլանտյան դաշինքի վերաբերմունքի մասին հարցին:

«Ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորման մեջ որեւէ դեր չունի. մենք աջակցում ենք Մինսկի գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում է նախատեսված, եւ մենք հուսով ենք, որ այն կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Ջեյմս Ապատուրայը: