Հոկտեմբեր 18, 2013

Մաքսային միությունը չի խոչընդոտի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացմանը, Երեւանում հավաստիացրել են Ապատուրային

 

Հայաստանի ղեկավարները հավաստիացրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, որ Մաքսային միությանը միանալու ցանկությունը որեւէ կերպով չեն խոչընդոտի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Ջեյմս Ապատուրայն այդ մասին ասել է այսօր Երեւանի ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում` շեշտելով, որ Դաշինքը կիսում է Հայաստանի այդ մոտեցումը:

«Ես հեռանում եմ Հայաստանից այն զգացումով, որ ՆԱՏՕ-ի քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը Հայաստանի հետ ավելի է ընդլայնվելու», - ասել է պաշտոնյան:

«Մեզ համար շատ հստակ է, որ Ռուսաստանը Հայաստանը ռազմավարական գործընկերն է, եւ դա որեւէ մեկը չի վիճարկում: Սակայն Հայաստանը միշտ փորձել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, եւ մենք, երբեւէ որեւէ բան չպարտադրելով, պատրաստ ենք խորացնել համագործակցությունը», - ասել է Ջեյմս Ապատուրայը:

«Կարող եմ ասել, որ մենք ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները դիտարկում ենք
«եւ…եւ»-ի, այլ ոչ թե «կամ…կամ»-ի համատեքստում», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: 

Ջեյմս Ապատուրայն ասել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող ռազմական բարեփոխումներին` հատկապես ռազմական կրթության ոլորտում, «որոնք նպատակ ունեն արդիականացնել Հայաստանի պաշտպանական համակարգը` հասցնելով այն բարձրագույն միջազգային չափանիշներին»: