Հոկտեմբեր 18, 2013

Ջեյմս Ապատուրայը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի եւ Աֆղանստանի գործողություններին

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:

Ջեյմս Ապատուրայն այդ մասին ասել է հոկտեմբերի 17-ին Երեւանում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

«Կողմերը բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ արդյունավետ համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում, արձանագրելով, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ», - հայտնել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Սերժ Սարգսյանն ու Ջեյմս Ապատուրայը համակարծիք են եղել, որ հարաբերությունների այս մակարդակը վկայում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի սերտ փոխգործակցության արդյունքում ձեւավորված խորը եւ ընդգրկուն օրակարգի մասին, ինչը էապես օգնում է Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը», - ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: