Օգոստոս 09, 2013

Հայաստանը ՆԱՏՕ-ից ընթացիկ փորձագիտական օժանդակություն կստանա

 

ՆԱՏՕ-ի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության վարչության գործընկերության եւ համագործակցության բաժնի պետ Դոկտոր Ալբերտո Բինի գլխավորությած պատվիրակությունը օգոստոսի 7-9-ին  Երեւանում քննարկել է «Բարեվարքության ամրապնդումը - Building Integrity» նախաձեռնության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող քայլերը եւ մեթոդական օժանդակություն տրամադրել նախաձեռնության ինքնագնահատման հարցաշարի լրացման հարցերում:

Ըստ ՀՀ ՊՆ լրատվական ծառայության, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ուղեկցում էր Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ուիլյամ Լահյուն:  

Խմբի անդամներն առանձին հանդիպումներ են ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ:

Նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բարեվարքության ամրապնդման նախաձեռնության քաղաքականությունը` ՀՀ պաշտպանական բարեփոխումների, Պաշտպանության ռազմավարական վերանայման եւ միջազգային գործընկերների հետ համագործակցության համատեքստում: Կարեւորվել է ծրագրի ինքնագնահատման փուլի ընթացքում այլ պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության անհրաժեշտությունը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՆԱՏՕ-ի կողմից ընթացիկ փորձագիտական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ:

ՀՀ ՊՆ առաջարկությամբ, ՆԱՏՕ-ի խմբի անդամներն այցելել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ եւ ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտ:

«Բարեվարքության Ամրապնդում» նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի, մի շարք երկրների եւ միջազգային հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով մշակված պաշտպնական ոլորտի հակակոռուպցիոն ծրագիր է, որին 2013թ. միացել է նաեւ Հայաստանը` ի դեմս ՊՆ-ի: