Ապրիլ 30, 2013

ՆԱՏՕ-ն միասնության ոգի է հաղորդում տարածաշրջանային անվտանգությանը, ասել է Դավիթ Տոնոյանը

 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ ասել է, որ «համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ լուրջ հիմք է հանդիսանում տարածաշրջանում անվտանգության որակապես նոր միջավայրի ստեղծման համար»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Դավիթ Տոնոյանն ասել է այդ մասին ապրիլի 29-ին Թբիլիսիում, հանդես գալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին:

«Միասնության ոգին եւ փոխկախվածության ընկալումը` սրանք են այն կարեւորագույն արժեքները, որոնք ՆԱՏՕ-ն հաղորդում է տարածաշրջանային անվտանգությանը եւ որոնց կարիքը Հարավային Կովկասը շատ է զգում», - ասել է փոխնախարարը:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) համարում է հետխորհրդային տարածքի «եզակի կառույց»:

«Եզակիությունը, մասնավորապես, կայանում է նրանում, որ ՀԱՊԿ-ը գործառնական առումով կախված չէ ինտեգրացիոն գործընթացներից ԱՊՀ-ում, Եվրասիական տնտեսական միությունում, Համագործակցության Շանհայան կազմակերպությունում եւ այլ միավորումներում», - ասել է պաշտպանության առաջին փոխնախարարը:

«Չնայած նրան, որ ՀԱՊԿ-ը համեմատաբար երիտասարդ կազմակերպություն է, այն ունակ է պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում եւ այդպիսով աջակցել փխրուն խաղաղ գործընթացին, կանխելով հակամարտությունների վերսկսումը Հարավային Կովկասում: Մենք մասնակցելու ենք ՀԱՊԿ-ի՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում կարեւոր դերակատար դառնալու ջանքերին՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցության կատարելագործման ճանապարհով», - ասել է Դավիթ Տոնոյանը: