Ապրիլ 10, 2013

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական. «Կովկասի անվտանգությունը հսկայական նշանակություն ունի դաշինքի համար»

 

Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում հայ փորձագետների եւ քաղաքագետների հետ անցկացրած հանդիպման ընթացքում խոսելով Հարավային Կովկասի մասին ասել է, որ «այս տարածաշրջանի անվտանգությունը հսկայական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար»: Միաժամանակ, Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նշել է, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է մնում. դաշինքը չի խառնվում տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը եւ աջակցում է առկա միջնորդական ձեւաչափերին:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականն ասել է, որ դաշինքը չի կարող ազդել իր անդամների արտաքին քաղաքականության վրա, այդ դեպքում` Թուրքիայի: Ինչ վերաբերում է Թուրքիայում հակահրթիռային կայանների տեղակայմանը,Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի խոսքերով, դա պայմանավորված է բացառապես Սիրիայի իրավիճակով եւ նպատակ ունի «պաշտպանել դաշինքի տարածքը եւ բնակչությանը»: