Ապրիլ 09, 2013

Արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

 

Ապրիլի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները կանոնավոր կերպով զարգանում են, ինչի մասին վկայում են 2012թ. ընթացքում կայացած բարձր մակարդակի այցելությունները՝ ՀՀ Նախագահի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցելությունը Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, Հայաստանի ներդրումը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքված է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմամբ և կարևորեց տարբեր ձևաչափերով ՆԱՏՕ-ի շրջանակներում ընթացող համագործակցությունը:

Հյուրի խնդրանքով ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Աղբյուրը`ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք