Ապրիլ 08, 2013

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ներկա կլինի ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով տեղակալ, դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր դիվանագետին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության եւ դրա շրջանակներում իրականացվող ծրագրերը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձեւավորված համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում:

ՀՀ ղեկավարը կարեւորել է նաեւ բարձր մակարդակի շփումները եւ հաստատված քաղաքական երկխոսությունն ինչպես Դաշինքի, այնպես էլ անդամ-պետությունների հետ, որոնք դրական են անդրադառնում գործընկերային հարաբերությունների զարգացման վրա:

Դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը Սերժ Սարգսյանին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Դաշինքի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում եւ Կոսովոյում Հայաստանի մասնակցության, միջազգային անվտանգության համակարգին մեր երկրի ներդրման համար, միաժամանակ ընդգծելով, որ հաջողությամբ է զարգանում Դաշինքի համագործակցությունը Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում: