Փետրվար 26, 2013

Երեւանում է ՆԱՏՕ-ի գնահատման առաքելությունը

 

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել են ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման նպատակով Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի եւ ՀՀ ԱԳՆ, ՊՆ եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող քննարկումները:

Փետրվարի 25-ի քննարկումների օրակարգն առնչվում է Եվրո-ատլանտյան կառույցների հետ երկխոսության, հարեւան պետությունների հետ հարաբերությունների, ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, սահմանային անվտանգության, պաշտպանության եւ անվտանգության համակարգի ժողովրդավարական վերահսկողության հարցերին:

Առաջիկա օրերին անդրադարձ կկատարվի Զինված ուժերում մարդու իրավունքների, տնտեսական զարգացման, քաղաքականության առաջնահերթությունների, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության հարցերին:

Քննարկումները շարունակվելու են մինչեւ ս.թ. փետրվարի 28-ը: