Հոկտեմբեր 01, 2012

Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը

 

Նոյեմբերի 1-8-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:

Նոյեմբերի 5-6-ը, որպես «ՆԱՏՕ-ի շաբաթվա» հիմնական միջոցառում, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված՝ “Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սեմինարին, մասնավորապես, կմասնակցի Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացքում կկայանա այցելություն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ու Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար:

Նախատեսվում է նաեւ այցելություն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն: