Մայիս 25, 2018

ՆԱՏՕ-ում բարձր են գնահատել Երեւանի հետ քաղաքական երկխոսությունը

 

 Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի գործընկերության եւ համագործակցային անվտանգության կոմիտե - Հայաստան ձեւաչափով նիստը:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նիստում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման 2017թ. գնահատման զեկույցը:

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ներկայացնելով հայաստանյան քաղաքական վերջին զարգացումները, շեշտել է, որ ՀՀ արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերակայությունները մնում են անփոփոխ, եւ Հայաստանը հանձնառու է իր ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների իրականացմանը։

Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության եւ ԵԱՏՄ անդամ, միաժամանակ համագործակցություն է ծավալում Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի հետ:

Նախքան նիստը Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերը:

Նա բարձր է գնահատել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունն ԱԳԳԾ շրջանակում, շնորհակալություն հայտնել Կոսովոյում ու Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի շարունակական ներդրման համար: