Երեւանում սպասում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան այցելելու հրավերը, որն անձամբ փոխանցել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ս.թ. փետրվարին Բրյուսելում:
Հունիսի 13-ին Սերժ Սարգսյանն ընդունել էր Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Դաշինքի ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցության եւ միջազգային խաղաղապահ առաքելություններին ունեցած ներդրման համար: Նա ընդգծել է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այս տարիներին զարգացել են վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում:
ՀՀ նախագահը ներկայացրել է Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում պետական կառավարման նոր համակարգին անցնելու գործընթացը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ զարգացումներն ու իր գնահատականները:
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Իրան հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին եւ անվտանգության մարտահրավերներին: