ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է պաշտպանական բարեփոխումների կարեւորության մասին` տարածաշրջանային քաղաքական բարդ զարգացումների պայմաններում Զինված ուժերի մշտական կատարելագործման նպատակով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, նախարարն այդ մասին ասել է հունվարի 28-ին հայկական բանակի 18-ամայի առթիվ կայացած հանդիսության ընթացքում:
“Պետք է անընդհատ գործել ժամանակի առաջադրած պահանջներին համահունչ”,- ասել է Սեյրան Օհանյանը: Նա նշել է, բարեփոխումների նպատակը արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն եւ ժամանակակից պաշտպանության համակարգի ստեղծումն է, որն ի զորու կլինի արդյունավետորեն իրականացնել ՀՀ ռազմական անվտանգության ապահովումը:
Նախարարն ընդգծել է, որ 2009 թվականին հաջողությամբ գործարկվել է պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նոր կառուցվածքը, ակտիվացել է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացը, իրականացվել են պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման աշխատանքները, եւ սկսվել է ռազմական առաջադրանքների որոշման ու սահմանման փուլը, կենտրոնական ապարատում ներդրվել է քաղաքացիական հատուկ ծառայության համակարգը:
Սեյրան Օհանյանն ասել է, որ նոր հիմքերի վրա է դրվել ռազմավարական պլանավորումը: Կառուցվածքային բարեփոխումները շարունակվում են, զորքերում հաջողությամբ ներդրվում եւ աստիճանաբար աճում է պայմանագրային զինծառայության նշանակությունը:
Նախարարը տեղեկացրել է, որ բարեփոխումների շրջանակներում իրականացվել են նաեւ կարեւոր օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել “Զինվորական ծառայության մասին” եւ “Զինապարտության մասին” օրենքներում: Ազգային ժողով եւ կառավարություն են ներկայացվել սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանման եւ ներմուծման վերահսկողության գործընթացը միջազգային անվտանգության ապահովման շրջանակներում կանոնակարգող օրինագծեր:
|