ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղը կմեկնի Ստամբուլ` Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերում (ISAF) ներկայացված երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, Ստամբուլում փետրվարի 4-5-ը կայանալիք ֆորումի ընթացքում Սեյրան Օհանյանը նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ:
Հայ խաղաղապահների 40 հոգանոց զորակազմը ներկայումս վերապատրաստվում է Գերմանիայում, որից հետո պետք է մեկնի Աֆղանստան: Հայկական զորախումբը ծառայությունն անցնելու է Կունդուզ նահանգում, գերմանական հրամանատարության ներքո` Հյուսիս տարածաշրջանային հրամանատարության կազմում: Հայ զինծառայողների հիմնական խնդիրը լինելու է Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2003թ. նոյեմբերին Ստամբուլ էր այցելել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը: Եվրոպայում ՆԱՏՕ-ի Հյուսիսային հրամանատարության Գլխավոր հրամանատարի հրավերով կայացած այդ այցի նպատակը Allied Action 2003 զորավարժությունների VIP-օրվան մասնակցելն էր: