Հյուսիսատլանտյան Խորհուրդը կքննարկի ՀՀ-ում IPAP իրականացման ընթացքը
11 մայիսի, 2010թ.
Մայիսի 12-ին Բրյուսելում 28+1 ձեւաչափով կկայանա Հյուսիսատլանտյան Խորհրդի նիստը, որում կքննարկվի Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) իրականացման ընթացքը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում նիստին կմասնակցեն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մարտի 9-ին ԱԳԳԾ համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ասել էր, որ 2009թ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվել են: «Նախանշված բոլոր ծրագրերն արդյունավետ իրականացնելու դեպքում հնարավոր կլինի 2010թ. վերջին ՆԱՏՕ-ի հետ նոր ծրագրի մշակման ժամանակ ավելի բարձր նշաձողեր սահմանել եւ նախատեսված բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնել»,- նշել էր Արթուր Բաղդասարյանը:
Այս տարվա փետրվարի վերջին Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի պատվիրակությունը դրական էր գնահատել Հայաստանի կողմից IPAP իրականացման ընթացքը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Հյուսիսատլանտյան Խորհրդի վերջին նիստը 28+1 ձեւաչափով կայացել էր նախորդ տարվա մայիսի 20-ին Բրյուսելում` ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ: